Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը:
Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ:
Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության:
Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ նվիրակի առաքելությամբ, միաբանակից եղբորս հետ, գտնվում էի ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում՝ վայելելով հյուրընկալությունը Հովնան սրբազանի և Թեմի քահանայից դասի և հավատացելոց... Եվ, սակայն, թե՛ այնտեղ, թե՛ նաև երբևէ Մայր Աթոռում նրանից չի լսվել ոչ մեկ խեթ բառ կամ տրտունջք՝ Հայոց Հայրապետից կամ Մայր Աթոռից... Ավելին, հրապարակային կերպով Հովնան սրբազանը միշտ գովասանքով, գնահատանքով ու երախտագիտությամբ է արտահայտվել Հայոց Հայրապետի և Նրա ծավալած եկեղեցաշեն, ազգակերտ ու հայրենանվեր գործունեության մասին: Եվ հիմա ինչո՞ւ կամ ինչպե՞ս այս նվիրյալ ու հավատարիմ, խոհեմ ու խորագետ արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ...
Ափսոս այն աղն ու հացը, այն անկեղծ համարումը, այն ակնածանքը, որ երբևէ կիսել եմ և դեռ Ճեմարանից ունեցել ու տածել եմ դեպի այս արքեպիսկոպոսը:
Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ, դուք այլևս գայթակղության քար եք բոլորիս համար, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք:
Դուք շատ լավ գիտեք Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացարձակ ու անթաքույց ճշմարտությունն ու արդարությունը, սակայն գիտենալով՝ նենգաբար անգիտացաք և դարձաք հայհոյող Սուրբ Հոգու:
Արդար և Մեծ է մեր Տեր Աստված. արժանին կհատուցի ձեզ և ձեր կամակիցներին ու գործակիցներին:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի










