Ես դիմել եմ սահմանված կարգով, որպես ՔՊ կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի ընդգրկվել ՔՊ ցուցակի նախնական ընտրության կազմում, այսինքն դա ոչ թե ցուցակն էր, այլ նախնական ընտրության կազմը, որից կուսակցականները պետք է ընտրության միջոցով որոշեին համամասնությամբ, թե ով ցուցակի որ հորիզոնականը պետք է զբաղեցնի։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ում մերժել են իրեն ընդգրկել 2026–ի ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակի թեկնածուների կազմում։
«Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով ՔՊ կուսակցությունը մերժել է։ Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և ինձ համար որևէ ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել։ Իմ դիմումը մերժվել է և ես առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական և լինել ցուցակում, որպեսզի մեր կուսակցականները որոշեն՝ ես լինեմ Ազգային ժողովում, թե ոչ։Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն և պետք է բոլոր կուսակցական համար գործընթացի թափանցիկ լինի։ Ցավոք սրտի, բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։
Ես առաջիկա ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում»,–ասաց նա՝ հավելելով, որ այսքանից հետո ինքը այլևս ցանկություն էլ չունի լինել ՔՊ նախընտրական ցուցակում։
Հարցին՝ կմնա՞ ՔՊ անդամ և Նիկոլ Փաշինյանի աջակից, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունների ավարտը, երբ կգումարվի հաջորդ խորհրդարանը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել և իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը»։
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի պլանավորում. «Անհրաժեշտություն չկա։ Ես հասկացա, որ ՔՊ կուսակցության վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում։ Որտե՞ղ տեսաք, որ պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանին։ Վարչությունը ունի 20 անդամ, բոլորի ձայները հավասար են և վարչությունը կայացրել է երկու որոշում։ Առաջին դեպքում մերժել է ինձ ցուցակում ընդգրկել, երկրորդ դեպքում մերժել է իմ բողոքարկումը։
Ճշտող հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, արդյոք ինքը չէր լինի ցուցակում, նա խուսափողական պատասխան տվեց. «Այդ հարցը ինձ չի ուղղված»։










