Ադրբեջանը պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ


Ադրբեջանը պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ
Հունվար 16 09:48 2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է,

 

Գործող իշխանության անպատասխանատվության մասշտաբը պատկերացնելու համար պետք է ընդամենը ՊՆ ամփոփիչ ասուլիսից մի դրվագ նայել:

 

Պապիկյանին հարցնում են Սև լճի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքի մասին, որն անցնում է ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (շլանգբաուն) և զննությամբ, իսկ վերջինս դրան արձագանքելով հիշեցնում է, որ այդ վիճակն իր նախարար ժամանակ չի առաջացել:

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին` այս իշխանության հանցավոր անգործության հետևանքով:

 

Ադրբեջանը մի շարք ուղղություններով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածքներ և դա տեղի է ունեցել գործող իշխանության պաշտոնավարման ընթացքում, սակայն տարբեր պաշտոնյաներ մտածում են, թե կարող են մարդկանց մոլորեցնելու ճանապարհով խուսափել այն ծանր քաղաքական պատասխանատվությունից, որն առաջացել է իրենց կառավարության տապալված քաղաքականության հետևանքով:

 

Ավելին, եթե Պապիկյանն անձնական պատասխանատվության և իր պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է խոսում, ապա թարմացնեմ հիշողությունը: Իսկ ո՞ւմ պաշտոնավարման ժամանակ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիա հրահրեց ու ՀՀ տարածքներն օկուպացրեց:

 

Ո՞ւմ պաշտոնավարման օրոք 2023 թվականին Ադրբեջանը մխրճվեց Կոռնիձոր և Տեղ գյուղերի հատվածում:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ պաշտպանության բանակն Արցախի օկուպացիայի և ՀՀ իշխանության ամոթալի վարքագծի պայմաններում:

 

Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլև ՀՀ-ի հետ բանակցությունների համատեքստում որևէ ակնարկ կամ պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ։