Իշխանությունները պնդում են, թե «Թրամփի» ուղին միայն տնտեսական օգուտներ է տալու, Հայաստանի ինքնիշխանությանն էլ վտանգ չի սպառնում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այլ կարծիք ունի։ Aysor.am-ի հետ զրույցում ընդգծել է՝ ընդհակառակը, ինքնիշխանությանը սպառնացող լուրջ մարտահրավերներ կան.
«Եթե Հայաստանի գործող իշխանությունն անընդհատ խոսում է ինքնիշխանության հնարավոր խախտման մասին, դա նշանակում է, որ ինքնիշխանության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, կամ առնվազն առկա են վտանգներ, որ այն կարող է խախտվել, եթե իհարկե արդեն խախտված չէ։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթին, ապա այն ունի քարոզչական նշանակություն։ Փաստաթուղթը կնքվել է ընտրություններից առաջ, և թե՛ այդ փաստաթուղթը, թե՛ չորս գերիների վերադարձը կարելի է դիտարկել որպես «նվեր» Միացյալ Նահանգներից և Ադրբեջանից, որպեսզի գործող իշխանությունը վերարտադրվի»։
Քաղաքագետի խոսքով՝ «նվերների» այս քաղաքականությունը Թուրքիան էլ կմիանա։
«ԱՄՆ, Ադրբեջան, հնարավոր է, որ ընտրությունների ընթացքում Թուրքիան ևս որոշ «նվերներ» անի։ Փաստորեն, ներքաղաքական ընտրական գործընթացները որոշակիորեն կառավարվում են դրսից և կան արտաքին շահագրգիռ երկրներ, որոնց շահերը ոչ միշտ են համընկնում Հայաստանի իրական շահերի հետ»-նշել է Դանիելյանը։
Քաղաքագետը կարծում է նաև, որ Հայաստանի քաղաքական դաշտը դեռևս պատրաստ չէ դիմակայել այս իշխանության մանիպուլյատիվ քարոզչությանը։










