Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է և դա օրեր առաջ եմ բացահայտել. Արսեն Բաբայան


Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է և դա օրեր առաջ եմ բացահայտել. Արսեն Բաբայան
Հունվար 15 17:50 2026

Գևորգ Սրբազանը հաստատապես ստախոս է, նրա ստախոս լինելը ես դեռ օրեր առաջ եմ բացահայտել, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Նշենք, որ Գևորգ Սրբազանաը հայտարարել էր, որ հաստատապես համոզված է՝ թմրամիջոցի մասով ինչ մեղսագրվում է Արշակ Սրբազանին, ճիշտ է։

«Նա տարբեր լրատվամիջոցներով պնդում էր, թե  երկու փորձաքննություն է եղել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասով, սակայն ես, լինելով  Արշակ Սրբազանի փաստաբանը, ենթադրաբար այդ փորձաքննություններին պետք է ծանոթ լինեի։ Չեմ բացառում, որ ՔԿ-ն, էլի առանց մեր իմացություն, ինչ-որ բան կաներ, բայց ես հարցում եմ արել և ստացել եմ պատասխան, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի նշանակվել և չի էլ կատարվել»,-ասել է Բաբայանը։

Փաստաբանը Գևորգ Սրբազանին հորդորում է մի քիչ համբերել և իր հարցերի պատասխանը շուտով կստանա. «Նա ասում էր, որ Արշակ Սրբազանը տեսանյութերը փորձաքննության է ներկայացրել, բայց դրանից լուր չկա։ Ո՞վ ասաց, որ լուր չկա։ Ընթացք տվողը ես եմ, ինքն ի՞նչ գիտի։ Ինքը ստախոս, բանսարկու է։ Ճիշտն ասած՝ ես ինձ շատ վատ եմ զգում, որ հոգևորականի մասին այսպես եմ խոսում, բայց ինքը հասցրել է դրան։ Արել ենք հետաքննություն և շատ բան ենք պարզել»։