Ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել. Փաշինյան (Տեսանյութ)


Ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել. Փաշինյան (Տեսանյութ)
Հունվար 15 14:38 2026

Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ։ Դրանցից մեկը՝ կառավարության գործունեության և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պարգևավճարներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ սա 2018 թվականից իրենց որդեգրած «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է. «Մենք որդեգրել ենք ամբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը և այն իրականացնելու, կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ»։

Փաշինյանը շեշտեց՝ պետական համակարգում մրցունակությունը  շարունակաբար պետք է բարձրացնեն, քանի որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր. «Մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ ՀՀ-ում կրթվելը և կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, և մենք պետական պաշտոնյաներին պարտադրում ենք, որ իրենք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնելու ուղղությամբ աշխատեն։ Իսկ դրանք որոշակի ֆինանսական ծախսեր են։ Կար գաղափար, որ դա բյուջեով նախատեսեինք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք և վարձատրության մի մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու վրա»։

 Նա նշեց, որ այս ամենի արդյունքում պետական համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու։

 «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նախկինում այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում։ Եթե դա նախկինում եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո, պետք է օրենսդրական հավանություն ստանա։ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել»։