Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ, այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասել է Վագիֆ Խաչատրյանը։
«Սպասում է հարազատների հետ հանդիպմանը, այս պահին հետազոտվում է։ Նրա մոտ սրտի քրոնիկ հիվանդություն կար, հիմա հավելյալ հետազոտություններ կիրականացվեն, և բուժման ընթացքի հետ կապված որոշում կկայացվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանն ասաց, որ Խաչատրյանի առողջական վիճակի մասին ամբողջական բժշկական տեղեկատվությունը չեն կարող հրապարակել։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրեց, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։
«Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,– հայտնել է Ադամյանը։










