Գոհար Մելոյանը իրավական հարցադրումներ է անում TRIPP-TIF-ի վերաբերյալ


Գոհար Մելոյանը իրավական հարցադրումներ է անում TRIPP-TIF-ի վերաբերյալ
Հունվար 14 22:31 2026

Սահմանդրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը TRIPP-TIF-ի վերաբերյալ իրավական հարցադրումներ է ուղղել.

« 5 իրավական հարցադրում  ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ TRIPP–TIF-ի վերաբերյալ.

1. Փաստաթուղթն ուղղակիորեն չի նախատեսում, որ TRIPP զարգացման ընկերությունը հիմնադրվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ արդյոք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է ՀՀ իրավաբանական ա՞նձ, թեև փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի առաջին նախադասությունից կարելի է անել նման ենթադրություն։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը։

2. Արդյոք TRIPP զարգացման ընկերությունը, որն ըստ էության հանդիսանալու է Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների օպերատոր, իր ստացած շահույթից վճարելո՞ւ է հարկեր Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ արդյոք TRIPP զարգացման ընկերությունը լինելո՞ւ է հարկատու, թե՞ ինչ-որ հիմքով ազատված է լինելու ՀՀ պետական բյուջե հարկ վճարելու պարտավորությունից։ Կամ արդյոք TRIPP զարգացման ընկերությունից հայկական և ամերիկյան կողմերի ստացվող դիվիդենտը հարկվելո՞ւ է։

3. Այն ենթակառուցվածքները, որոնք Հայաստանը տրամադրելու է TRIPP զարգացման ընկերությանը՝ TRIPP-ուղին կառուցելու և շահագործելու համար, տրվելու են անհատո՞ւյց, թե՞ վճարովի հիմունքներով։ Այսինքն՝ կոնցեսիոն վճարներ լինելու՞ են, թե՞ TRIPP զարգացման ընկերությունը անհատույց է ստանալու այդ հաղորդակցության կառուցման և շահագործման իրավունքները։

4. Փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը հնարավոր է մեկնաբանել այնպես, որ TRIPP զարգացման ընկերությունից ստացված շահույթը սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին, մինչև նա ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։ Արդյոք դա այդպե՞ս է, այսինքն՝ Հայաստանը TRIPP զարգացման ընկերությունից շահաբաժին է ստանալու միայն այն բանից հետո, երբ ամերիկյան կողմն արդեն ամբողջությամբ ստացա՞ծ լինի իր ներդրած գումարները։

5. Որո՞նք են լինելու TRIPP զարգացման ընկերության հետ կապված այն հարցերը, որոնք ամերիկյան կողմը, ունենալով 74 % մասնակցություն, կարող է լուծել առանց հայկական կողմի մասնակցության։ Օրինակ՝ արդյոք ամերիկյան կողմը կարո՞ղ է միանձնյա նշանակել և ազատել TRIPP զարգացման ընկերության տնօրենին։

Նշված հարցերը չեն վերաբերում «Թրամփի ուղու» հետ կապված՝ սահմանային անվտանգության, մաքսային հսկողության և ինքնիշխանության հետ կապված TIF-ում առկա կարգավորումներին, որոնց վերաբերյալ առկա հարցերը կներկայացնեմ առանձին»։