Հայաստանի իրական խնդիրը այս կամ այն անձը չէ։ Խնդիրը այն կառավարման համակարգն է, որտեղ չափազանց մեծ իշխանություն կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Երբ վարչապետը միաժամանակ վերահսկում է գործադիր իշխանությունը, ազդում է խորհրդարանի վրա, նշանակում է ուժային կառույցների ղեկավարներին և լծակներ ունի դատական համակարգի նկատմամբ, պետությունը սկսում է գործել ոչ թե օրենքի, այլ մեկ մարդու կամքի տրամաբանությամբ։
Սա վտանգավոր է ոչ այն պատճառով, որ որևէ մեկը պարտադիր վատն է, այլ որովհետև յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել։ Իսկ երբ սխալվում է նա, ում ձեռքում կենտրոնացած է ամբողջ իշխանությունը, դրա գինը վճարում է ամբողջ երկիրը՝ իր անվտանգությամբ, տնտեսությամբ և ապագայով։
Աշխարհի կայուն երկրները հենց դրա համար են ստեղծել իշխանությունների բաժանման և փոխզսպման համակարգեր, որպեսզի որևէ մեկի սխալը չդառնա ճակատագրական ամբողջ պետության համար։
Մենք չենք կարող յուրաքանչյուր ընտրության ժամանակ հույս դնել, որ «այս անգամ ճիշտ մարդ կգա»։ Պետությունը չի կարող գործել բախտի սկզբունքով։ Այն պետք է կառուցված լինի այնպես, որ նույնիսկ ամենաթույլ կամ «ամենասխալվող» ղեկավարը չկարողանա երկիրը տանել փակուղի։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական դեմքերի փոփոխություն, այլ կառավարման համակարգի խորքային վերափոխում։ Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն, խորհրդարանը՝ ունենա իրական վերահսկողություն, դատարանները՝ լիարժեք անկախություն, իսկ ուժային համակարգը՝ քաղաքական չեզոքություն։
Ուժեղ պետություն նշանակում է ոչ թե ուժեղ մեկ պաշտոն, այլ հավասարակշռված իշխանություն և աշխատող ինստիտուտներ։ Որ ոչ ոք, որքան էլ բարձր պաշտոն զբաղեցնի, չկարողանա լինել պետությունից վեր։
Եթե ուզում ենք ապրել կայուն, անվտանգ ու արժանապատիվ երկրում, պետք է վերջ դնենք մեկ մարդու ձեռքում կենտրոնացած իշխանությանը։
Պետությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե կախված լինի մեկ մարդու կամքից»։










