Հացադուլ հայտարարելու վերաբերյալ Նարեկ Սամսոնյանի քայլը ճարահատյալ էր, ԵՄ դեսպանության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ուրիշ ի՞նչ պետք է աներ, 5 ամիս նստեր, սպասեր, որ ընտրություններ լինեին, նոր ինչ-որ բա՞ն փոխվեր։ Նա ընտրել է իր համար հասանելի պայքարի միակ տարբերակը։ Դա ուղիղ կոչ է մեր քաղաքական դաշտին, հանրությանը, որ այսպես շարունակել չի կարելի»,- նշեց քաղաքագետը։
Նա ասաց, թե շատ անհանգստանում է Սամսոնյանի առողջության համար, սակայն իրեն իրավունք չի վերապահում կոչերով դիմել նրան։
«Հակառակը, կոչս պետք է ուղղված լինի քաղաքական դաշտի այն հեղինակություններին, ովքեր կարող են ինչ-որ բան նախաձեռնել, շարժումներ ձևավորել, փողոց դուրս գալ և պահանջել, որպեսզի երկրում արժևորվի մարդն իր իրավունքներով»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։
Նշենք, որ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ԵՄ դեսպանության դիմաց ակցիա է իրականացվել։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ԵՄ դեսպանին։










