Այսօր մենք ունենք որոշակի սպառազինություն, այդ թվում՝ ակնկալում ենք որոշակի համալրումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՍՈւ-30 կործանիչները բավականին լավ կործանիչներ են, շատ բարձր եմ գնահատում դրանց դերը, կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի և՛ հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»,-ասաց Պապիկյանը։
Ինչ վերաբերում է թվաքանակի ավելացմանը՝ նախարարն առաջարկեց այս պահին սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին տեղեկատվություն չտրամադրել։
«Բայց այն, որ ՀՀ Զինված ուժերը շարունակելու է սպառազինվել նորագույն տեխնիկայով, հավաստիացնում եմ։ Այն, որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու փորձում ենք, որ դա լինի ՆԱՏՕ-ական ստանդարտների սպառազինություն, դա չի նշանակում, որ հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Շարունակելու ենք դրանք թարմացնել, ադապտացնել նոր սպառազինության հետ»,-ասաց նախարարը։










