ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի զարգացման հեռանկարները։ Սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը նշել է՝ սա նշանակում է, որ երկու այլ պետություններ, առանց Հայաստանի մասնակցության, քննարկում են մի երթուղու ճակատագիրը, որը ամբողջությամբ անցնում է բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով (TRIPP-ը անցնում է ՄԻԱՅՆ Սյունիքի մարզով)։
«Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից ՀՀ կառավարությունը պնդում է, թե TRIPP երթուղին բացառապես հայ-ամերիկյան օրակարգի հարց է։
Սակայն փաստերը վկայում են հակառակի մասին․ Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանի Հանրապետությանը՝ ԱՄՆ-ի հետ քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր։
Սա անընդունելի է և ուղղակիորեն ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։
Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ցանկացած ճանապարհի, այդ թվում՝ TRIPP-ի հետ կապված բոլոր հարցերը, կարող են քննարկվել և համաձայնեցվել ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ»,- գրել է Մելոյանը։










