Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։
Նախատեսում են 2030 թվականին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտներ, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություն ու ավելի քան 20 հազար լրացուցիչ աշխատատեղ ստեղծել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
Այս տարի, ընդհանուր առմամբ, 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ է եկել Հայաստան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե զարգացումներին հասնում են նաև նրա շնորհիվ, որ չեն վախենում սխալվել ու չեն վախենում սխալներից։
«Չենք դադարում նաև մեր հնարավոր սխալներն առավելության վերածել»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ձախողումների ճանապարհով իրենք հանրային մեծ միջոցառումներ կազմակերպելու կարողություն են ձեռք բերել։










