Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է փոխել ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը։ Ներկայում գործող «001 ՍՍ» համարանիշը նախատեսվում է փոխարինել ընդամենը մեկ նիշով՝ «1»։
Ներքին գործերի նախարարության մշակած նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել՝ բազմաթիվ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող մեքենաները ունեն ստանդարտից տարբերվող, առավել պարզ համարանիշներ։ Օրինակ՝ Շվեդիայում և Իսլանդիայում կիրառվում են նույնիսկ մեկ նշան պարունակող համարանիշներ՝ պետական խորհրդանիշների համադրությամբ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչապետի ավտոմեքենայի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։
Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի և բյուջեի վրա ազդեցություն չի ունենա։










