Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը


Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը
Հունվար 7 23:03 2026

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսակցել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին․

«Սրբազան հայրերը հետևելով վերջին օրերի իրադարձություններին՝ կրկին իրենց մտահոգություններն էին հայտնում տիրադավների և օրվա իշխանության համատեղ գործողությունների առնչությամբ:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չափազանց դիպուկ էր արտահայտվել երեկ ինձ փոխանցած իր ուղերձում.

«Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին»:

Սրբազանն ինձ հետ զրույցներում հիշեց Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանին, որը, չնայած հակաեկեղեցական դաժան քաղաքականությանը, ոչ միայն որևէ պահի չընկրկեց, այլև կարողացավ էլ ավելի ամրապնդել Հայ եկեղեցին:

Սա փաստում է այն մասին, որ որևէ անձ չի կարող խարխլել 1700 տարի անսասան մնացած կառույցի հիմքերը:

Բագրատ Սրբազանը ևս հետևում է իրադարձություններին՝ նույնպես հուսալով, որ մեր հավատավոր ժողովուրդը կշարունակի համախմբվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ:

Սրբազանը փոխանցեց, որ Սուրբ Ծնունդին նվիրված բանաստեղծությունը գրել է Ամանորի գիշերը՝ մի քանի ժամում, այնուհետև ողջ գիշեր Արշակ Սրբազանի հետ աղոթել է մեր հայրենիքի և ժողովրդի բարօրության համար:

Մենք ուժեղ ենք նաև այսպիսի հոգևոր հայրերով: Մեծագույն ամոթ և խայտառակություն է, որ մեր չորս Սրբազանները եկեղեցական տոները նշում են անազատության մեջ:

«Հիշեցե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե՝ ծառան մեծ չէ, քան իր տերը. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն»:

(Հովհ. 15.20)»,- գրել է Դանիելյանը։