«Իրավիճակն աննորմալ էր». Տեր Հայկի համար անհասկանալի է՝ ինչու ոստիկանությունը որևէ քայլ չարեց, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի չունենա


«Իրավիճակն աննորմալ էր». Տեր Հայկի համար անհասկանալի է՝ ինչու ոստիկանությունը որևէ քայլ չարեց, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի չունենա
Հունվար 7 13:32 2026

Երեկ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները, ոստիկանության ծառայողների աջակցությամբ, խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:

 

Պարտադիր է, որ տաղավար տոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, պատարագը, սակայն, մատուցեց Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորական Տեր Թադեն։

 

Որպեսզի բախումներ չլինեին, եկեղեցու օրինական սպասավորները հեռացել էին եկեղեցուց ու Սուրբծննդյան պատարագը մատուցել էին Մաստարայի եկեղեցում։

 

Տեր Հայկն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի էր՝ ինչու ոստիկանները որևէ քայլ չձեռնարկեցին, որ եկեղեցում կարողանային Սուրբծննդյան պատարագ մատուցել։ Փաստացի, Սուրբծննդյան պատարագը ոստիկանների թողտվությամբ է խոչընդոտվել։

 

«Իրավիճակն աննորմալ էր, որևէ կերպ չեմ կարողանում ընդունել»,- նշեց Տեր Հայկը։

 

Տեր Հայրը վստահ է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ ուժեղ է, կարողանալու է հաղթահարել այս դժվար օրերը։

 

Տեր Հայկը պնդում է՝ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու, այդ պատարագն իր մեջ հոգևոր խորհուրդ չունի։

 

Արագածոտնի թեմում լավատես են, որ թեմի առաջնրոդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատության մեջ կլինի։

 

«Մենք սպասում ենք մեր Սրբազան Հորը»,- հավելեց Տեր Հայկը։

 

Նշենք, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 31-ին. ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ու Արամայիս Թախմազյանը կրկին թույլ չէին տվել, որ եկեղեցու օրինական սպասավորները կատարեն Նռնօրհնեքի ծեսը։ Կեղծ ծեսից հետո են միայն Տեր Հայկն ու Տեր Փառենը հավատավոր հայ ժողովրդին օրհնված նուռ բաժանել։

 

Այս միջադեպին կալանավայրից արձագանքել էր նաև Մկրտիչ Սրբազանը։

 

«Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»»,- նշել էր Սրբազան Հայրը։

 

Մկրտիչ Սրբազանը կոչ էր արել հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ, սակայն հաստատուն, համբերատար՝, սակայն անզիջում։

 

«Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր»,- նշել էր Սրբազան Հայրը։