Եռաբլուրի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ Սուրբ Ծննդյան խաչքավոր էր ընտրվել Արթուր Վանեցյանը (Լուսանկարներ)


Եռաբլուրի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ․ Սուրբ Ծննդյան խաչքավոր էր ընտրվել Արթուր Վանեցյանը (Լուսանկարներ)
Հունվար 6 19:20 2026

Այսօր՝ հունվարի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Պատարագի վերջում կատարվեց ջրօրհներքի կարգը, այնուհետև հավատացյալներին ներկայացվեց Խաչքավորը: Խաչքավոր էր ընտրվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Տիրոջ նախախնամությունը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Խաչն իջեցվեց ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա, ջուրն օրհնվեց Սուրբ Խաչով և Մյուռոնով, այնուհետև, տարվա խաչքավորը՝ Արթուր Վանեցյանը, խաչը ջրից հանելով, տարավ տուն: Սուրբ Ծննդյան ութերորդ վերջին օրը՝ հունվարի 13-ին, քահանան կայցելի Խաչքավորի տուն, կօրհնի տունը և խաչը կվերադարձնի եկեղեցի:

Խորհրդավոր, հայկական ու ազգային է քավորի խորհուրդը Հայ Եկեղեցում և ընտանիքում: Այս կոչմանը յուրաքանչյուր մարդ ընտրվում է ոչ պատահականորեն։ Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և ժողովրդի նկատմամբ:

Նշենք, որ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Ընդունված կարգի համաձայն` այս օրը եկեղեցիներում մատուցվող պատարագին ընտրվում է Սուրբ Ծննդյան կնքահայր, որը խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին: