Մասնակցություն չունենալ Փաշինյանի պառակտիչ և ազգաքանդ երթին, որը նա խաբեությամբ անվանել է «ուխտերթ»


Մասնակցություն չունենալ Փաշինյանի պառակտիչ և ազգաքանդ երթին, որը նա խաբեությամբ անվանել է «ուխտերթ»
Հունվար 5 13:49 2026
Հարգելի՛ պետական համակարգի աշխատողներ,
Հորդորում եմ ձեզ՝ հակառակ ձեր կամքին, մասնակցություն չունենալ Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող պառակտիչ և ազգաքանդ երթին, որը նա խաբեությամբ անվանել է «ուխտերթ»։
Ես լավ հասկանում եմ, որ դուք, աշխատելով պետական համակարգում, ձեր կամքից անկախ գտնվում եք անուղակի կախման մեջ ներկա իշխանությունից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանից, և, ակնհայտ է, որ բազմաթիվ ձեր աշխատանքի հետ կապ չունեցող միջոցառումների եք մասնակցում՝ պարզապես ձեր աշխատանքը չկորցնելու համար։
Ես հասկանում եմ, որ դուք ընտանիք եք պահում։
Ես հասկանում եմ, որ ունեք ամենամսյա ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ վարկեր, որոնք ձեր փոխարեն ոչ ոք չի վճարելու։
Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերն այլևս չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը, և այդ պատճառով ձեր բոլոր գործողություններն ուղղված են միայն ձեր և ձեր ընտանիքի բարօրությանը՝ այդ բարօրությանը չվնասելուն։
Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերի մոտ, մեղմ ասած, միանշանակ չէ վերաբերմունքը Կաթողիկոսի անձի նկատմամբ։
Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը ատում են նախկին իշխանություններին և պատրաստ են համաձայնել ամեն ինչի հետ, միայն թե նրանք չվերադառնան, և ցանկացած ընդդիմադիր գործունեություն դիտարկում եք այդ համատեքստում։
Ես հասկանում և հավատում եմ, որ գուցե ձեզանից ոմանց սոցիալական վիճակն այս տարիներին բարելավվել է, բայց կա մի մեծ «բայց»…
Մեզ՝ քրիստոնյաներիս համար սա գլխավոր տոներից մեկն է, իսկ Նիկոլը կեղծ «ուխտերթի» անվան տակ փորձում է այն վերածել իր քաղաքական ամբիցիաների բավարարման միջոցի, ևս մեկ անգամ մեզ պառակտելու, միմյանց դեմ առճակատման տանելու օրվա։
Եվս մեկ անգամ խնդրում եմ ձեզ, անկախ ամեն ինչից, թույլ մի՛ տվեք, որ նա ձեզ օգտագործի իր խարդավանքների մեջ։
Հ.Գ.
Հարգելիներս, նկատեք, որ այն բոլոր մեղքերում, որոնց մեջ նա մեղադրում է Կաթողիկոսին (որոնց հետ, գուցե, ձեզանից ոմանք համամիտ են), ունեն իր շուրջ հավաքված և իր ենթակայության տակ անցած գրեթե բոլոր եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։
Հետևությունները թողնում եմ ձեզ։
Նարեկ Մանուկյան
«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ