Քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում. ՔՊ-ն որևէ ձևով չի ցանկանում համակերպվել Գյումրիում կրած պարտության հետ. Մհեր Մելքոնյան


Քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում. ՔՊ-ն որևէ ձևով չի ցանկանում համակերպվել Գյումրիում կրած պարտության հետ. Մհեր Մելքոնյան
Հունվար 3 10:16 2026

Մի քանի օր է` իշխանական խմբակի շիրակցի պատգամավորները, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ չինովնիկներ, իրար հերթ չտալով, լուսանկարներ ու գրառումներ են հրապարակում Գյումրիից՝ փորձելով ներկայացնել, թե քաղաքում ճանապարհները չեն մաքրվում, աղբահանություն չի կատարվում, և իրավիճակը իբր դուրս է վերահսկողությունից, այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ըստ նրա՝ այդ աղմուկը ոչ թե հոգատարության նշան է, այլ՝ քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում:

«Տարիներ շարունակ հենց գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է թուլացվել տեղական ինքնակառավարման համակարգը։ Համայնքները զրկվել են իրական լիազորություններից, իսկ պատասխանատվությունը կենտրոնացվել է մի համակարգում, որը չի ապահովում արդյունավետ կառավարում։ Այս քաղաքականության հետևանքներն այսօր տեսանելի են ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության բազմաթիվ համայնքներում։

Այս համատեքստում առավել քան տարօրինակ է, երբ ՔՊ-ականները փորձում են մեկ համայնքի խնդիրները ներկայացնել որպես առանձին դեպք՝ շրջանցելով այն փաստը, որ իրենց կողմից ղեկավարվող բազմաթիվ համայնքներում(հատկապես Շիրակի մարզում) իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է և խայտառակ։ Այդքան գրառումների փոխարեն առավել նպատակահարմար կլիներ շրջել Ձեր քաղաքական թիմի անդամ համայնքապետերի ղեկավարած համայնքներով և ծանոթանալ այնտեղ տիրող իրական վիճակին։

Գյումրին խնդիրներ ունի, և դա ոչ ոք չի հերքում։ Սակայն այդ խնդիրները չեն առաջացել մեկ օրում և չեն կարող լուծվել մեկ օրում։

Դրանք տարիներով կուտակված սխալ կառավարման և նիկոլական իշխանության կողմից համակարգային բացթողումների արդյունք են:

Եվ վերջապես, ակնհայտ է, որ այս ցուցադրական ակտիվությունն ունի քաղաքական ենթատեքստ․ գործող իշխանությունը որևէ ձևով չի ցանկանում համակերպվել մարտի 30-ի ընտրությունների արդյունքների և Գյումրիում կրած քաղաքական պարտության հետ»,- նշել է պատգամավորը: