Ծանր ժամանակները ստիպում են ավելի խմբվել, զգալ կողքինի ներկայությունը, համոզվել, որ մենակ չենք


Ծանր ժամանակները ստիպում են ավելի խմբվել, զգալ կողքինի ներկայությունը, համոզվել, որ մենակ չենք
Հունվար 1 21:24 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։

Համոզվել, որ մենակ չենք։

Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր..

Մարդիկ առավել քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։

Ոչ թե սինթետիկ լավատեսության։

Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։

Մեզ օդ ու ջրի պես պետք է անհուն հոռետեսությունից եւ նռռացող ցավից ծնված ապրելու իմաստ, պարտավորություն, քաջության։

«Շնորհավորում եմ» բառը մինչ այսօր դժվար է արտաբերվում։

Լեզուդ, կարծես, չի պտտվում ասել այն։

Կարծես  բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ կամ Երեւանի ու Բաքվի բանտերի բանտախուց։

Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձեւավորված բարեվարքային ռեֆլեքսը…

Եւ այսքանով հանդերձ մեզ ներսից քայքայող եւ խելառացնող ցավին պետք է հակադրել այդ ցավից ծնվող ուժը՝  ապրելու, մարդ մնալու, պայքարելու եւ հաղթելու «злость»-ը։

Հիշում ենք, բայց ապրում ենք, որ պահանջենք»։