Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սյերան Օհանյանն ամանորյա մաղթանք է հղել հանրությանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ տարի դարձավ պատմություն։ Եվս մեկ տարի Երկիրը պտտվեց իրար հաջորդող հակամարտությունների, արհավիրքների շղթայի միջով։ Եվ Հայաստանը ուղղակիորեն կրեց աշխարհաքաղաքական ներքին և արտաքին դավադրությունների, ցնցումների հետևանքները։
Սակայն այսօր՝ Ամանորի նախաշեմին, որքան էլ բարդ լինեն նաև մեր առջև ծառացած խնդիրները, ես խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։
Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի։
Եվ արդարության պահանջով՝ պաշտպանվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը՝ նրանց անվտանգության անբեկանելի երաշխիքներով, ազատությո՛ւն տրվի մեր բոլոր ընկերներին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, հայ ազգի բարերար-նվիրյալներին, սրբազաններին, ովքեր այսօր փակված, պատանդառված են Բաքվի և Երևանի բանտերում։
Բարի Ամանոր եմ բոլորիս մաղթում»։










