Կարող եմ բոլորին հավաստիացնել, որ Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի և չի կարող ունենալ․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն այս իշխանությունների սովորական գործելաոճն են դարձել։
«Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի և չեն ձերբակալի նրան որևէ շինծու գործով։ Սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետև սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին մարդկանց շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար»,- ասաց նա։
Վանեցյանը վստահեցրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը որևէ անօրինական բան չի արել, ինչպես նաև՝ ո՛չ Արամ Քոչարյանը, ո՛չ Խաչիկ Գալստյանը։
Նշենք, որ դատարանը քննում է Խաչիկ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ այս գործին, թեև մանրամասն տեղյակ չեմ քրեական գործի նյութերից, բայց հավաստիացնում եմ՝ մեղադրական դատական ակտ այս գործը չի կարող ունենալ։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ ամեն ինչ ապօրինաբար է արվում, քրեական գործեր են հարուցվում, որովհետև չկա որևէ հանցագործություն։ «Հայրենիք» կուսակցությունը որևէ լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել, և նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև բնույթով նման բան գոյություն չունի»,– ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք այս քայլերով Փաշինյանը փորձում է ճնշել իրեն՝ ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց․ «Փաշինյանը շատ բան կարող է ուզել, կարևորն այն է՝ ստացվի։ Ինձ ճնշել անհնար է»։










