Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը պայմանավորված է կուսակցության ակտիվությամբ և առաջիկա ընտրություններով. Բաբկեն Հարությունյան


Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը պայմանավորված է կուսակցության ակտիվությամբ և առաջիկա ընտրություններով. Բաբկեն Հարությունյան
Դեկտեմբեր 30 15:39 2025

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ ունի և անմիջականորեն կապված է կուսակցության վերջին շրջանում ակտիվ գործունեության ու Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ։

Նրա խոսքով՝ շուրջ վեց ամիս անց սպասվող ընտրությունների նախաշեմին «Հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն զբաղվում է կուսակցաշինությամբ․ բացվում են ոչ միայն մարզային, այլև շրջանային կառույցներ, ինչը, ըստ նրա, անհանգստացնում է իշխանություններին։

«Փորձում են տարբեր լծակներով ճնշում գործադրել, արհեստական խնդիրներ ստեղծել։ Խաչիկ Գալստյանը կուսակցության գործադիր մարմնի անդամ է, գլխավոր քարտուղարն է, ունի առանցքային դեր՝ կուսակցության գործունեության մեջ, ակտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին և հրապարակային գնահատականներ է տալիս գործող իշխանության քայլերին»,– նշեց Հարությունյանը։

Հարությունյանը նշում է, որ իշխանություններն այլ գործիք չունեն, և երբ տեսնում են, որ կուսակցությունն ուժեղանում է, իսկ ընտրությունները մոտենում են, ամեն ինչ անում են՝ քաղաքական ակտիվությունը սահմանափակելու և խոչընդոտելու համար։