Անկախ նրանից՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ «ԿԳԲ գործակալ» լինելու մասին լուրն ու դա «հաստատող» «փաստաթուղթը»՝ ԱԱԾ կողմից տրամադրված իշխանական լրատվամիջոցին, ճիշտ է, թե սուտ, դրա հրապարակումը ամոթալի է, իսկ ԱԱԾ կողմից նման «փաստաթղթի» տրամադրումը ԶԼՄ-ին՝ խայտառակություն, «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Կարևոր չէ՝ Եզրաս Սրբազանը կամ այլ ինչ-որ մի անձ գործակալական ցանցում եղե՞լ են, թե՞ չեն եղել։ Կարևորն այն է, որ ԱԱԾ սրբության սրբոց համարվող տեղեկատվությունը, այսինքն՝ գործակալական ցանցը չբացահայտելու ուխտը, որ տրվել է, այսօր խախտվում է՝ ինչ-որ մի լրատվականի հարցումով։ Իշխանություններին այս պահին հարկավոր PR ակցիայի իրականացման համար քանդում են մի ամբողջ համակարգ։ Դա ուղղակի զզվանք է առաջացնում»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ համակարգը խարխլելու միջոցով իշխանություններին հաճոյանալը անթույլատրելի համարելով՝ Արթուր Վանեցյանը հավելել է՝ այսպիսով քանդվում են նաև պետության հիմքերը.
«Եթե անվտանգությունը խարխլվի, անվտանգություն չլինի, պետություն էլ չի լինի»։










