Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում, գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Բաղդասարյանն ընդգծել է․
«Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։
Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո։ Փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ մեր կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։ Նման մասնագիտական մոտեցումը ողջունելի է։ Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն՝ փաստացի դառնալով այդ ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից։
Առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնամ այս ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները»։










