«Ալֆա-նյուզի» հիմնադիր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը եւ նրանց ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն:
«Ազդարար» կայքում հրապարակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» ծանուցման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Էռնեստ Միխայելի Սողոմոնյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-15-23 ուսումնասիրությունը.
«Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Տեղեկացնում եմ, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»:










