Տարին ռազմավարական էր. ԱԳՆ-ն ամփոփում է 2025-ը


Տարին ռազմավարական էր. ԱԳՆ-ն ամփոփում է 2025-ը
Դեկտեմբեր 25 18:06 2025

Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

 

ԱՄՆ. Տարեսկզբին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս գործընկերությունը վերահաստատվել և առավել հարստացվել է օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման, արհեստական բանականության և կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ոլորտներում գործընկերության մասին երեք փոխըմբռնման հուշագրերով:

 

Եվրոպական ուղղությամբ.

 

Ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված ՀՀ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։

 

ԵՄ անդամ երկրներից ռազմավարական գործընկերության մակարդակի է բարձրացվել հարաբերությունները Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, հաստատվել է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգը:

 

Հայտարարվել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին:

 

Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ամրագրման հարցում բարձրագույն մակարդակում ձևավորված քաղաքական համաձայնությունը։

 

Ասիական ուղղությամբ.

 

Ռազմավարական գործընկերություններ են հաստատվել Չինաստանի և Ղազախստանի հետ:

 

Հարևանների հետ.

 

Հայաստանը և Վրաստանը շարունակել են ակտիվորեն զարգացնել հաստատված ռազմավարական գործընկերությունը:

 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ռազմավարական բնույթի հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի: