Յուրաքանչյուր պատգամավոր՝ հարկերը հանած, ստացել է 3 մլն 25 հազար դրամ պարգևավճար, սա անամոթություն է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նարիա Զոհրաբյանը։
«Քիչ առաջ հենց պարգևավճարներից էինք խոսում Արցախի մեր հայրենակիցների հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ իրենց տունը կորցրած արցախցիների բնակարանային սերտիֆիկատի գումարը 3 մլն դրամ է, ճիշտ այնքան, որքան մեկ պատգամավորի մեկ ամսվա՝ դեկտեմբեր ամսվա պարգևավճարն է»,-ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ աղքատ երկրում նման շռայլությունն անթույլատրելի է։
«Այն ֆոնին, երբ նայում ենք հարցումները, երբ մեր հայրենակիցներն ասում են՝ անգամ 3 մանդարին գնել չենք կարող, երբ բոլոր հարցումներով մի սեգմենտ նույնիսկ նոր տարվա փոքր սեղան չի կարող ապահովել կամ նվեր գնել, այսպես «բեզշաբաշնի» քայլ անելը ես համարում եմ անամոթություն»,-ասաց նա։
Ըստ քաղաքական գործչի՝ այս ամենում մեղքի բաժին ունի նաև ընդդիմությունը։
«Իհարկե, ես իրավունք չունեմ որևէ մեկին խորհուրդ տալու, բայց գոնե այն ընդդիմությունը, որը մեծ-մեծ խոսում է, կարող էր ինչ-որ ժեստ անել, ոչ թե «կռուտիտ» գալ և հայտարարել, որ ստացել են պարգևավճարները, բայց դրանք ուղղելու են բարեգործությանը, այլ պարզապես չստանար այդ գումարն ու ուղղեր մի մեծ խավի լրջագույն խնդիրների լուծմանը։ Իշխանությունը սա անում է, որ վաղը ասի՝ թող ընդդիմությունն էլ չստանար, և հերթական բոնուսն ունենա ընդդիմության դեմ»,-ասաց նա։
Զոհրաբյանը նշում է, որ ցանկացած իշխանություն արագ այլասերվելու հակում ունի, իսկ ընդդիմության անելիքը դա զսպելն է։
«Եթե պահանջող չկա, ցանկացած իշխանություն շատ արագ այլասերվելու և անպատասխանատու դառնալու լիցք ունի իր մեջ։ Դուք լսե՞լ եք, բացառությամբ հատուկենտ դեպքերի, որ մեր ընդդիմադիրները խոսեն այս խայտառակ պարգևավճարների մասին, սոցիալական խոցելի շերտերին անտեսելու մասին։ Չեն խոսում, որովհետև իրենք էլ են այդ ամենից օգտվում։ Վերահսկողություն ընդդիմության կողմից բացարձակապես չկա։ Ընդդիմության ֆունկցիան, որը պետք է լիներ իշխանության վերահսկողությունը, բյուջեի ծախսերի վերահսկողությունը, բացառությամբ մի քանի պատգամավորների, հավաքական ընդդիմությունը շատ կոմֆորտ տեղավորվել է Նիկոլ Փաշինյանի գծած այս օրակարգի մեջ․ փող տանք՝ ձայները կտրենք։ Եվ փողը ստանում են, ձայները՝ կտրում»,-ասաց նա։










