Արշակ Սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։
Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը վստահ է՝ հարցնելու են, թե ինչ ակնկալիքներ ունի։
«Ասեմ. համոզված եմ, որ կմերժվի բողոքը և Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։
Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։
Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։










