Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին չեն ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն


Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին չեն ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն
Դեկտեմբեր 23 22:47 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին է անդրադարձել՝ շեշտելով՝  նրանց նկատմամբ շինծու դատավարություններ բեմադրելուց, նրանց պատանդի կարգավիճակում պահելուց բացի, զրկում են նաև հրատապ բուժօգնությունից։    

 

«Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն:

 

Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:

 

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի, վերջիններիս նաև կտտանքների են ենթարկում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:

 

Խաղաղության մասին անվերջ խոսող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»: