«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ հանդիպմանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն են բարձրացրել


«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ հանդիպմանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն են բարձրացրել
Դեկտեմբեր 23 21:13 2025

ԱԺ-ից հայտնում են, որ «Հայաստան» խմբակցության անդամները Շվեդիայի, Նիդերլանդների, Բելգիայի դեսպանների հետ են հանդիպել։ Հաղորդագրությունում նշված է.

«ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը և Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:

Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարևորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:

Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ»: