«Աջափնյակ» կայարանի գումարների մի մասն ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար. Տիգրան Ավինյան


«Աջափնյակ» կայարանի գումարների մի մասն ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար. Տիգրան Ավինյան
Դեկտեմբեր 23 19:04 2025

«Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի ամենաբարդ նախագծերից մեկն է՝ հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի միայն պարզ փորձաքննությունը տևել է 1 տարուց ավելի»,-Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցին։

Նա ասաց, որ առաջին անգամ են նման մասշտաբի նախագիծ իրականացնում և որոշակի լրացուցիչ ժամանակ կարող է պահանջվել։

Տեղեկացնելով, որ 2026թ. բյուջեի նախագծով «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին 2 մլրդ դրամ է նախատեսված՝ Ավինյանը ներկայացրեց, թե որտե՞ղ են ուղղվել այդ գումարները։

«Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասն ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար։ Այսինքն՝ ոլորտային նույն ուղղությամբ է գնացել։ Եվ մենք հաջորդ տարի արդեն ապրիլ-մայիսին ունենալու ենք 45 նոր տրոլեյբուսներ՝ 12 մետրանոց։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ է հաջորդ տարի գումար հատկացվել, հետևյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ՝ առաջին հերթին երեք հիմնական գործ ունենք անելու։ Նախ` կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային, կառուցման մրցույթի հետ կապված՝ հատուկ պայմաններ ապահովելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է, և մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը»։

Ավինյանն ասաց, որ խոսքը մի նոր հանգույցի մասին է, որը Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակն ավելացնելու է 22-25 %-ովև նշեց, որ ավելի լավ է, որ մի փոքր ժամանակ ծախսեն նախագծման փուլում, տեխհսկողության ընտրության հարցում, ավելի պատրաստված լինեն, որ որակյալ աշխատանք ստանանք։