Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել, ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իշխանական մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Վեհափառ Հայրապետի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը КГБ գործակալ է եղել։
«Չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ հատուկ ծառայությունների հետ։ Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Բայց նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, այդ մարդը այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է բերել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա ասաց, թե այդպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։
«Եթե դա չի լինում, ուրեմն դա ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,-ասաց Սարգսյանը։










