Մայր Աթոռի դռները բոլորի համար բաց են, ամենակարևորը՝ գան ոչ թե գոռալով, այլ աղոթքով՝ հավատարիմ մնալով եկեղեցուն. Տեր Եսայի (Տեսանյութ)


Մայր Աթոռի դռները բոլորի համար բաց են, ամենակարևորը՝ գան ոչ թե գոռալով, այլ աղոթքով՝ հավատարիմ մնալով եկեղեցուն. Տեր Եսայի (Տեսանյութ)
Դեկտեմբեր 19 14:37 2025

Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն, և, բնականաբար, Մայր Աթոռի բնականոն գործունեության մեջ որևէ բան փոփոխված չէ․ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Մայր Աթոռը՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի և միաբանության, շարունակում է իր առաքելությունը»,- ասաց նա։

Տեր Եսային նշեց, որ երեկվա դեպքերը ցավալի իրողություն էին. «Բայց ամեն դեպքում գիտենք ու վստահ ենք, որ մեր ժողովուրդը, հավատացյալ հայորդիները եկեղեցու կողքին են։ Իբրև եկեղեցու հավատացյալներ՝ ամուր կանգնած են իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ, և, բնականաբար, եկեղեցին ժողովրդի համար կարևոր արժեք ու կառույց է, որը պետք է պաշտպանել։ Ամենակարևորը ոչ թե գոռալով, այլ աղոթքով՝ հավատարմորեն մնալ եկեղեցուն և եկեղեցու վարդապետությանը»,- ասաց նա։

Տեր Եսային ասաց, որ երեկ 10 քաղաքացիների փոխանցած նամակի բովանդակությանը ծանոթ չէ, բայց կարող է ենթադրել, թե ինչպիսին կլինի. «Եթե արձագանք լինի՝ կծանուցենք»։

Ինչ վերաբերում է նրանց հաջորդ այցի մտադրությանը Մայր Աթոռ՝ ասաց. «Աղոթքի համար Մայր Աթոռի դռները բոլորի համար բաց են, և ցանկացած պահի որևէ մեկը կարող է գալ ու իր աղոթքը բարձրացնել մեզ հետ։ Ավելացնելու բան չունեմ»։