Արարատի փոխմարզպետը բնակարան է գնել Երեւանում. «Ժողովուրդ»


Արարատի փոխմարզպետը բնակարան է գնել Երեւանում. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 19 09:34 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստանում ծնված, Երեւանում սովորած, Ռուսաստանի Դաշնությունում աշխատած Արտավազդ Նազարեթյանը 2018 թվականից ի վեր զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։

 

Փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2022 թվականին գնել է բնակարան «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ից։ Բնակարանն արժեցել է 33 մլն 582 հազար դրամ։

 

Փոխմարզպետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

 

Նազարեթյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5, 289 ԱՄՆ դոլար, 2 մլն 61 հազար դրամ:

 

Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել են՝ 2 մլն 800 հազար դրամից կազմելով 6 մլն 240 հազար դրամ։

 

Փոխմարզպետ Նազարեթյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 504 հազար դրամ, որից 11 մլն 714 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արարատի մարզպետի աշխատակազմից։

 

Եկամուտներից 2 մլն 989 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտն է։

 

Նազարեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 58 հազար դրամ, որից 27 մլն 558 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է նաեւ, որ փոխմարզպետի կինը՝ Լիանա Այվազյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականն է։

 

ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում»։