Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հերքեց տեղեկությունները, թե Շիրակի, Արագածոտնի մարզերից դպրոցների, մանկապարտեզների աշխատողներին հավաքագրում են՝ Մայր Աթոռի դեմ գրոհին մասնակցելու համար։
Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Չեմ բացառում, որ մարզից մարդիկ գնացած կլինեն, բայց այս պահին ինֆորմացիա չունեմ»։
Մանակցելո՞ւ է այսօր Մայր Աթոռի հավաքին՝ Մովսիսյանը նշեց. «Չգիտեմ, հիմա այլ գործի եմ։ Որ վերջացնեմ, չեմ բացառում, որ կմիանամ»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն աշխատանքային ժամին մասնակցում է հավաքին՝ մարզպետն արձագանքեց. «Թալինի համայնքապետը, բացի համայնքապետ լինելուց, նաև Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Եթե տեղում եք՝ կարող եք մոտենալ և իրեն հարցնել, թող ինքը պատասխանի։ Անկեղծ ասած՝ տեղս հարմար չի, ավելի լավ է թողնենք հետո»։










