Պատմությունը չի մոռանալու այն հոգևորականներին, ովքեր դարձան իշխանական գործիք՝ օգտագործվող ֆիգուրներ. Մետաքսե Հակոբյան


Պատմությունը չի մոռանալու այն հոգևորականներին, ովքեր դարձան իշխանական գործիք՝ օգտագործվող ֆիգուրներ. Մետաքսե Հակոբյան
Դեկտեմբեր 17 22:45 2025

Հակաեկեղեցական արշավում Փաշինյանին միացած եպիսկոպոսները նախապես ծրագրված սադրանքի են գնում, որի նպատակը Մայր Աթոռը ներքաշելն է քաղաքական բախման մեջ, ընդգծել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Տիրադավ եպիսկոպոսների կոչը եկեղեցական մտահոգություն չէ, այլ քաղաքական տեխնոլոգիա է  քահանայապետի դեմ` իրականացվող պետական հովանավորությամբ։ Նրանք այլևս դուրս են հոգևոր դաշտից և ընդամենը իշխանական գործիք են։ Իրենք այլևս սրբազաններ չեն, այլ՝ օգտագործվող ֆիգուրներ։

Տիրադավները մեծ բառեր են օգտագործում՝ «ազգային անվտանգություն», «պետական շահեր», «գահավիժում», բայց զուրկ որևէ կանոնական, իրավական, բարոյական հիմքից։ Սա չափազանց պարզ ու դասական քաղաքական մեթոդ է․ ապացույց չկա, փոխարենը ստեղծում են աղետային ֆոն։

Իրական նպատակը առավել քան ակնհայտ է՝ թիրախավորել ոչ թե անձին, այլ ինստիտուտը։

Գարեգին Բ-ի հեռացումը այստեղ ընդամենը միջոց է՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կոտրելու, պառակտելու և ենթարկացնելու համար։

Իսկ «հանգստի կոչը» նույնքան «հանգիստ» է, որքան փողոցից իշխանություն եկածների բոլոր «խաղաղ» ակցիաները, որոնք ավարտվեցին արյամբ, հազարավոր զոհերով ու Արցախի կորստով։

Եկեղեցու բակում կազմակերպվող «հանգիստ» արշավը նախապես ծրագրված սադրանք է, որի նպատակը Մայր Աթոռը ներքաշելն է քաղաքական բախման մեջ։

Եկեղեցին վերջին համազգային ինստիտուտն է, որը չի հանձնվել, չի լռել և չի դարձել իշխանության կցորդ։ Հենց դրա համար էլ հարձակումը Եկեղեցու վրա զուգահեռ է  Արցախի հանձնմանը, ազգային դիմադրության ճնշմանը, այլախոհների կալանավորումներին, պետականության բովանդակային դատարկմանը։

Եկեղեցին պետք է լռի, պառակտվի կամ ենթարկվի. սա է իշխանության իրական նպատակը։

Իշխանական«սրբազանները» խոսում են «պատմության առաջ պատասխանատվությունից»։

Այո՛, պատմությունը հիշում է նմաններին։

Պատմությունը չի մոռանում այն հոգևորականներին, ովքեր ճակատագրական պահերին կանգնեցին ոչ թե ժողովրդի ու հավատքի, այլ իշխանության կողքին։ Եվ այդ պատմությունը սև է։

Օրվա իշխանությունները պատերազմ են հայտարարել Եկեղեցուն։

Իսկ մենք պարտավոր ենք պաշտպանվել հավատքով, ճշմարտությամբ և ժողովրդի միասնական կամքով։

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,- սոցցանցի իր էջում գրել է Մետաքսե Հակոբյանը։