Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է


Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է
Դեկտեմբեր 15 12:04 2025

Արդեն հայտնել ենք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։

Նախատեսվում էր, որ Սրբազանն այսօր պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։

Aysor.am-ի հետ զրույցում Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ տեղափոխումն այսօր չի լինի։

«Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դատական նիստ կա, որի ընթացքում քննարկվելու է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ, արդարացման հիմքով։ Քննարկվելու է նաև դատախազության վերաքննիչ բողոքը, նրանք միջնորդել են, որ Սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացվի, պատիժը խստացվի»,-ասաց Մարինե Ֆարմանյանը՝ ավելացնելով, որ Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 16-ին։