ՔՊ վարչության նիստերի ընթացքում «կհարցաքննվեն» նախընտրական ցուցակի հավակնորդները. «Ժողովուրդ»


ՔՊ վարչության նիստերի ընթացքում «կհարցաքննվեն» նախընտրական ցուցակի հավակնորդները. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 10 09:50 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:

 

Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին: ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին «հարցաքննել» են. «Կապ չունի՝ դու այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ: Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարեւորը՝ ինչ վարկանիշ ունես», – հայտնեց մեր աղբյուրը:

 

Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել՝ իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

 

Այժմյան 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա՝ ԿԸՀ ներկայացվելու համար: Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ քսանյակում, կպարզվի մարտին կայանալիք փրայմերիզի ժամանակ: ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից՝ տուն-տուն մտնելով»։