2025թ. դեկտեմբերի 5-ին ԱՎԿ-ն հրապարակեց հունվար–հոկտեմբերի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Թվերն այս անգամ էլ խոսում են ավելի ուժգին, քան պաշտոնական ամբիոններից հնչող «հաղթական» հայտարարությունները, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Մեր մշտադիտարկումը ցույց է տալիս՝ այս ցուցանիշները բացահայտում են ոչ թե քարոզվող փայլը, այլ իրական տնտեսությունն՝ իր «ամրություններով», բայց առավել ևս՝ իր խոցելի կողմերով։
Իսկ «լուռ» բայց շատ հստակ նշանները, որոնք տալիս են այս տվյալները, հետևյալն են․
Տվյալների խորքում տնտեսությունն այլ է, քան ներկայացվում է
Ընդհանուր ակտիվության աճը պահում են կարճաժամկետ ոլորտները՝ շինարարությունը և ծառայությունները։ Բայց դրանց ներքո տեսանելի է արդյունաբերության շարունակվող անկումը և արտահանման սահուն, բայց խորացող նահանջը։
Տնտեսության կառուցվածքը շարունակում է վտանգավոր կերպով միակողմանի լինել
Մենք չունենք արտադրական և արտահանելի հզորությունների ընդլայնում։ Փոխարենը՝ տեսնում ենք կրկնվող կախվածություն ներմուծումից, շինարարական բումը՝ առանց արդյունաբերական բազայի, և առևտրի աճ, որը չի ստեղծում մնայուն տնտեսական հիմք։
Ֆինանսական, բյուջետային ու ժողովրդագրական տվյալները հուշում են մեկ բան․ կոսմետիկ լուծումներով պետությունն առաջ չի գնում
Վարկային բեռի աճը գերազանցում է եկամուտների աճը։ Բյուջեն շարունակում է թերակատարել հատկապես ներդրումային հատվածը։ Իսկ բնակչության բնական աճի թվերը վկայում են երկարաժամկետ վտանգի մասին, որն այլևս չի կարելի անտեսել։
Այս շարքի նպատակը մեկն է․ ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի տնտեսությունում՝ թվերի, ոչ թե սկզբունքավորված լռության շղարշի տակ։
Առաջիկայում մենք կհրապարակենք մեր նոր դիտարկումները՝ թեմատիկ բաժանումով՝ արդյունաբերությունից մինչև դրամավարկային դաշտ, աշխատաշուկայից մինչև սոցիալական ցուցանիշներ»։










