Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հիվանդանոց ժամանած իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է։ Կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում են։










