Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ. «Ժողովուրդ»


Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 28 08:22 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ Որպես հիմնական երկու թեկնածուներ՝ դիտարկվում են ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որոնք կպահեն լոյալություն՝ մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի:

Գործող իշխանությունը կարող է ապահովել իր պատկերացրած նոր ազատ դաշտն ու վերաբաշխված ազդեցությունը Հայ Առաքելական Եկեղեցում՝ Գարեգին Բ-ի լիազորությունների ավարտից հետո։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ հրապարակեց սցենար, ըստ որի՝ Գարեգին Բ-ի հեռացումը արդեն ընթացքի փուլում է:

 

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական «այցերը»՝ ներառյալ նրանց, ովքեր ստորագրել էին կամ չէին ստորագրել եպիսկոպոսաց ժողովից հետո տարածված հայտարարությունը։

ArmLur.am-ին ներկայացրած տվյալներով՝ նրանց հետ հանդիպումների ժամանակ փոխանցվում է, որ «Կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է», իսկ գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետեւյալը.

– Գարեգին Բ-ի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում,

– Արշակ սրբազանի կալանավորում,

– եւ վերջում՝ Գարեգին Բ-ի կողմից սոցիալական ցանցում հրապարակվելիք հրաժարականի նամակ՝ մեկուսի պայմաններից։ Այսինքն՝ գերության միջից:

 

Միեւնույն ժամանակ Մայր Աթոռը շարունակում է լռել՝ չհերքելով եւ չհաստատելով այս տեղեկությունները։ Թեմական մի շարք առաջնորդներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն ստորագրել վերջերս տարածված հայտարարության տակ, ինչը խորացրել է ներեկեղեցական լարվածությունը։

Ռիսկային փուլ՝ եկեղեցի-պետություն հարաբերություններում

Եթե ArmLur.am-ի նկարագրած զարգացումները շարունակվեն, ապա առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն գործող Կաթողիկոսի, այլեւ ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի համար։

 

Այս համատեքստում է, որ իշխանական շրջանակներում սկսում են քննարկվել նաեւ հնարավոր փոխարինողների անունները, որոնցից, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, առավելագույն հավանություն են ստանում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Արամ Ա-ն։

Իսկ թե ինչպես է հաջողվում իրավապահներին ճնշել տարբեր թեմերի առաջնորդներին եւ հանել նրանց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կներկայացնենք առաջիկայում, երբ ամբողջական տվյալները հայտնի դառնան մեզ:

Մինչ այդ շեշտենք, որ Մայր Աթոռից որեւէ կերպ չեն արձագանքում հակաեկեղեցական նոր ճնշումների մասին մեր տեղեկություններին: Միայն հայտնի է, որ Փաշինյանը շարունակում է դարավոր մեր եկեղեցին պառակտել ներսից՝ եկեղեցականների մասնակցությամբ եւ ջանքերով»։