Պայթյուն՝ Իջևանում «ԺԲԿ»-ներից մեկում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են ծխացող օջախ և արնանման հետքեր


Պայթյուն՝ Իջևանում «ԺԲԿ»-ներից մեկում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են ծխացող օջախ և արնանման հետքեր
Նոյեմբեր 26 16:22 2025

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Այս պահին տարածքը Իջևանի համայքային ոստիկանները վերցրել են հսկողության տակ: 

Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:

Թե ինչ է պայթել և ինչ հանգամանքներում՝ պարզվում է, ինչպես նաև «ԺԲԿ»-ի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը: