Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել են


Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել են
Նոյեմբեր 26 09:18 2025

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 թռիչք)։