Հաշվետու ժամանակահատվածում ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ 438 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը:
Ըստ այդմ՝ 134 տուգանքի որոշում է կայացվել առանց տոմսի երթևեկելու համար, 5 որոշում՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, 99-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար:
«Միաժամանակ քաղաքացիներից ստացվել են 124 վարչական բողոքներ, որոնցից 100-ը մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառաբանումով, իսկ 24 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման վերաբերյալ համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով վճարման, վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրները, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումը»,- ասաց նա:
Ավետիք Բաբայանը նաև հիշեցրեց՝ ծառայության կողմից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքները սկսվել են 2025-ի օգոստոսի 19-ից: Ըստ այդմ՝ զանցանք թույլ տված անձանց ընդհանուր թիվը 1180 է, որից 860 վարչական ակտ է ընդունվել առանց տոմսի երթևեկելու, 91-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, 229-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար:










