Գայլերի ոհմակը Արգինա գյուղում հոշոտել է 28 գլուխ ոչխար


Գայլերի ոհմակը Արգինա գյուղում հոշոտել է 28 գլուխ ոչխար
Նոյեմբեր 22 14:37 2025

Արմավիր մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրում գայլերի  ոհմակը հոշոտել է  57-ամյա Հարություն Ասատրյանին պատկանող մոտ 28 գլուխ ոչխար, այդ թվում՝ մայրացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է նաև, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարներ էլ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։

Ընդհանուր, Հարություն Ասատրյանը ուներ 208 գլուխ ոչխար, որոնց մի մասը գնել էր պարտքով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Նախկինում էլ են նման դեպքեր տեղի ունեցել մեր գյուղում, գելը կամ գելերը մեկ, երկու, մաքսիմում երեք գառների էին հոշոտել։ Բայց այս դեպքը ամենախոշորն է գյուղի պատմության մեջ։ Ընտանիքը, ով կրել է էս վնասը, հալալ քրտինքով հաց վաստակողներ են, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս, պարտքով վերցրած ոչխարներն են արածեցնում, ու մեծ մասը մայրացուներ են, պետք է ծնեին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու մեր մարզպետը էս բազմազավակ ընտանիքի միայնակ չեն թողնի այս ծանր կացության մեջ»։