Հայաստանի Հանրապետության տարածքում Վրաստանի քաղաքացիների մնալու առավելագույն ժամկետի հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զանգել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության թեժ գիծ՝ այս թեմայով ճշգրիտ տեղեկություն ստանալու համար։
ԱԳՆ-ից հայտնեցին, որ առանց վիզայի ռեժիմով Հայաստան մուտք գործող Վրաստանի քաղաքացիները կարող են մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում, եթե չունեն ՀՀ-ում մնալու կարգավիճակ շնորհող փաստաթուղթ (աշխատանքի իրավունք, սոց․ քարտ և այլն)։
Վրաստանի ԱԳ նախարարության պնդմամբ՝ երբեք չի եղել, որ Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում մնան մեկ տարի, թեև մեր զրուցակից քաղաքացիները, որոնք ուսման կամ աշխատանքի նպատակով ՀՀ-ում են բնակվում, ասում են՝ նախկինում առանց խնդիր մնացել են մինչև մեկ տարի։
ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածք կարող են մուտք գործել ինչպես անձնագրով, այնպես էլ ID քարտով և մնալ ՀՀ-ում 180 օր մեկ տարվա ընթացքում։ Հատկանշական է, որ քաղաքացու անձնագիրը (ID քարտը) պետք է լինի վավեր ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում։
Վերոնշյալ հարցերը կարգավորվում են ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և Վրաստանում «Վրաստանի քաղաքացու անձնագիր ունեցողների համար արտասահման առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ» հրամանների։










