Խոշոր ավտովթար՝ Երևանում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են


Խոշոր ավտովթար՝ Երևանում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
Նոյեմբեր 14 18:40 2025

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը անչափասհաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Երեխաները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկություը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: