Որոշում ունենք րոպե առաջ վերականգնել մեր բնականոն գործունեությունը. «Իմնեմնիմի» փոդքասթը կշարունակվի. Antifake-ի խմբագիր


Որոշում ունենք րոպե առաջ վերականգնել մեր բնականոն գործունեությունը. «Իմնեմնիմի» փոդքասթը կշարունակվի. Antifake-ի խմբագիր
Նոյեմբեր 14 17:16 2025

Այսքան սահմանափակումների, ռիսկերի առկայության պայմաններում մենք որոշում ունենք «Իմնեմնիմի» փոդքասթը շարունակել. այս մասին Aysor.am-ին ասաց Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ փորձում են նոր տեխնիկա ներգրավվել և կազմակերպել եթերը։

«Երեկ ես մեր յութուբյան էջով լայվ էի արել, քանի որ տարբեր տեղերից մեր աջակիցները մեզ հարցնում էին ինչով կարող ենք օգտակար լինենք, լայվից հետո շատ արձագանքներ ենք ստացել։ Մեր աջակիցներից կան մի քանի հոգի, ովքեր պատրաստակամություն են հայտնել ապահովել մեզ այն տեխնիկայով, ինչ առգրավվել են, որպեսզի րոպե առաջ վերականգնենք մեր բնականոն գործունեությունը»,-ասաց նա։  

Մաթևոսյանը նշեց, որ իհարկե չեն բացառում, որ նոր խոչընդոտներ կփորձեն հարուցեն և գուցե նոր տեխնիկան կրկին առգրավվեն և կամ նոր ձերբակալություններ լինեն, այդուհանդերձ Antifake-ը կշարունակի աշխատել։ «Բայց ամեն րոպե, իհարկե, այդ վտանգն օդում կախված է»,-ասաց նա։

Իսկ թե ին՞չ ֆորմատով կլինի «Իմնեմնիմի» փոդքասթն առանց համահեղինակների՝ ասաց, որ փորձում են տարբերակներ գտնել։

«Մեր լսարանին ենք դիմել, որ տարբերակներ առաջարկեն, որ հասկանանք ինչ նախընտրություններ ունեն, մենք էլ որոշակի նախընտրություն ունենք, այս պահին դեռ չեմ ուզում վերջական հայտարարել, քանի որ քննարկումների փուլում է, երբ վերջանական որոշում լինի՝ կհայտարարենք, բայց մոտավորապես նույն ֆորմատով կլինի, ինչ նախորդ անգամ», - ասաց լրատվականի խմբագիրը՝ հիշեցնելով, որ նախորդ անգամ երբ փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորել էին, փոդքասթը վարելու համար հերթափոխ էր սահմանվել, և երկու տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ կամ պատգամավորներ վարում էին եթերը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին երեկ ձերբակալել, ապա երկու ամսով կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, մեղադրանքն է՝  խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։