«Տաշիր Կապիտալը» Ռոմանոս Պետրոսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


«Տաշիր Կապիտալը» Ռոմանոս Պետրոսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Նոյեմբեր 12 20:47 2025

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան  Տիգրան Հայրապետյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

News.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ ՀԷՑ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ։

Փաստաբանի խոսքով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչների համաձայն, ֆինանսական և տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում։

«Խախտելով քննարկվող պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող վերոնշյալ պահանջները, շրջանցելով նաև պատշաճ ընթացակարգը՝ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ դա իրականացնելով առանց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թեկնածուի համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու և Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու, ինչը Հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ սահմանված ընթացակարգի բացահայտ խախտում է», - Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ներկայացրած հաղորդագրության մեջ նշել է փաստաբանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ընդգծել է՝ Ռոմանոս Պետրոսյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին վկայող բավարար փաստական տվյալներ, ինչը հաղորդումը պատշաճ դիտարկելու և դրա հիման  քրեական վարույթ նախաձեռնելու  բավարար հիմք է: